Հայաստանում տարեց տարի աճում է Հայաստանի և Իտալիայի երկկողմ առևտրաշրջանառության և իտալական ներդրումների ծավալը: Մենք հետաքրքրված ենք այդ ներդրումների ծավալներն ավելացնելու հարցում: Հայաստանի ու Իտալիայի ԱԳ նախարարների մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Վերջինս հավելել է, որ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈւ-երի կողմից Արցախի Փառուխ գյուղ ներխուժումը, հակամարտության գոտում հրադադարի ռեժիմների պարբերական խախտումները, Արցախում հումանիտար ճգնաժամին ուղղված քայլերը, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին ուղղված ադրբեջանական քաղաքականությունը:
«Կարծում ենք, որ միջազգային հանրությունը պատշաճ ու հասցեական արձագանք պետք է տա ադրբեջանական այս գործողություններին և աջակցի հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին»,-հավելել է Միրզոյանը՝ շեշտելով, որ Իտալիայի ԱԳ նախարարին տեղեկացրել է նաև Ադրբեջանի կողմից ՀՀ-ին արված առաջարկների մասին:
«Այդ առաջարկները մենք համարել ենք ընդունելի, բայց ոչ ամբողջական: Այդ առաջարկները մենք լրացրել ենք մեր առաջարկներով՝ բարձրաձայնելով այդ ամբողջական սկզբունքների հիման վրա անմիջապես բանակցություններ սկսկելու մեր պատրաստակամության մասին՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,-ընդգծել է Միրզոյանը:
Հիշեցնենք, որ այսօր եկնարկել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի այցը Հայաստան: