Իշխանությունն իրականություն է դարձնում իր, այսպես կոչված, խաղաղության ծրագիրը, որի հիմնական նպատակն Արցախից ամբողջովին հրաժարվելն է։ Իշխանություններն ուղղակի իրենց ուսերից ուզում են գցել Ղարաբաղյան հարցը, իսկ դա կարող են անել, երբ արդեն պաշտոնապես ստորագրվի համապատասխան փաստաթուղթը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում, անդրադառնալով իշխանության օրակարգին, նշել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Խոսելով ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հրավիրավիրած այսօր նախատեսվող հանրահավաքից, որը, ըստ հայտարարության, նաև վերոնշյալ գործընթացները կանխելու բնույթ է կրում՝ քաղտեխնոլոգը նշեց․
«Նախ՝ դիտարկենք զուտ տեխնիկական տեսակետից։ Սա ուժի ցուցադրման հանրահավա՞ք է, թե՞ ինչ-որ գործընթացի մեկնարկի հանրահավաք։ Նշված երկու հանրահավաքները տարբեր որակաքանակական խնդիրներ ու հարցեր են լուծում։ Եթե ուժի ցուցադրման հանրահավաք է, բնականաբար, մարդկանց թվաքանակը շատ պետք է լինի, որ ուժ ցուցադրվի։ Այսինքն՝ ցույց տրվի, որ իշխանության կողմից Արցախի մասով վարվող քաղաքականությանը տասնյակ հազարավոր մարդիկ դեմ են։ Եթե ինչ-որ գործընթացի մեկնարկ է, ապա 5000-6000 մասնակցությունն ամբողջովին բավարար է»։
Նրա խոսքով՝ նշվածն ավելի ակնհայտ կլինի երեկոյան, նաև հարթակից հնչող հայտարարություններից։
«Բացի այդ, անգամ ուժի ցուցադրումը, առավել ևս , քաղաքական ինչ-որ գործընթաց մեկնարկելը ինքնանպատակ չէ ու պետք է արդյունավետություն ունենա։ Անցած 30 տարիներին շատ ենք տեսել գործընթացներ, երբ անընդհատ հանրահավաքներ էին լինում։ Հատկապես 2008-2012թթ․ մասին է խոսքը, երբ հայտարարվում էր՝ «մեկ-երկու հարված ու ռեժիմն ամբողջովին կտապալվի», թեպետ ռեժիմն այդպես էլ չտապալվեց։ Այսպիսով, եթե ուժի ցուցադրում է, այն պետք է լինի մեկ անգամ ու լավ, բավականին ծավալուն աշխատանք կատարվի այդ ուղղությամբ, ինչն այս պահի դրությամբ ես չեմ տեսել։ Ամեն դեպքում, կտեսնենք, նոր այս առումով դատողություններ կանենք՝ ուժի ցուցադրումը հաջողվեց, թե՝ ոչ։ Չենք կարող ասել նաև, թե սա մեկնարկային է, թե՝ ոչ, քանի որ այս պահին ուժերը դեռ չեն խոսել ապագա ծրագրերի մասին։ Ամեն դեպքում, կարող ենք մի բան հստակ ասել․ 1996 թվականից սկսած հասարակությունը փողոցի միջոցով փորձեց ազդել ընտրական գործընթացի վրա ու իր համար ցանկալի պատկեր ստանալ, ինչը չհաջողվեց»,- ասաց նա՝ շեշտելով, որ հասարակությունը, ամեն դեպքում, այն ժամանակ ավելի ուժեղ էր։
Նրա խոսքերով՝ ամեն դեպքում, չհաջողվեց, ինչպես չհաջողվեց նաև 2008-ին, 2018-ին ևս, որովհետև 2018-ին իրականում ոչ թե հասարակության, այլ Արևմուտքի պահանջով Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ․
«Հիմա, երբ կապիտուլյացիոն ակտ է կնքվել, ու հասարակության մտածելակերպը փոխվել է, չեմ կարծում, թե միայն քաղաքական ուժերով կկարողանան իշխանափոխություն անել։ Իշխանափոխություն կլինի միայն այն դեպքում, երբ ընդդիմադիր ուժերն ունենան այս կամ այն քաղաքական կենտրոնների աջակցությունը։ Հասկանալի է, որ հանրահավաք նախաձեռնող ընդդիմությունն Արևմուտքի աջակցությունը չի ստանալու։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի աջակցությունը ստանալու կամ չստանալու հավանականությանը, ապա դա կախված կլինի ուկրաինական իրադարձություններից։ Այդ իրադարձություններից հետո բավականին մեծ գործընթացներ կարող են տեղի ունենալ ԵԱՏՄ-ում, այդ թվում՝ ՀՀ-ում։ Իսկ առանց ռուսական կողմի աջակցության տարբեր գործիքների կիրառման՝ հասարակությունը չի կարող իշխանափոխություն անել»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։