Այսօր Բրյուսելում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը խոսել է սպասվելիք հերթական հանդիպումից՝ դիտարկելով առկա ու հայտնի գործընթացները։
«Այստեղ կարևորը գործընթացն է։ Ինչ գործընթաց է տեղի ունենում․ դիտարկենք ուկրաինական թնջուկի համատեքստում։ Այստեղ ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմ է, այլ Արևմուտքի և նոր ձևավորվող Արևելքի, պայմանականորեն ասած, Արևելյան բլոկի միջև առաջին ռազմական ուժեղ բախումն է։ Ու կախված այդ բախման արդյունքներից՝ պարզ կլինի, թե Արցախյան հարցի հետ կապված ինչ զարգացումեր կլինեն Հարավային Կովկասում։ Եթե ռուսական կողմն ուկրաինական տարածքում պարտություն կրի, բնականաբար, այդ դեպքում Ադրբեջանն անելու է ամեն ինչ, որ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից, որից հետո ուժով կքշեն տեղի հայ բնակիչներին, ինչից հետո էլ Թուրքիան ու Ադրբեջանը կբացեն Սյունիքի միջանցքը, Հայաստանին կպարտադրեն կապիտուլյացիոն նոր համաձայնագիր։ Հայաստանն այդ դեպքում կվերածվի Թուրքիայի ենթակայության տակ գտնվող ինչ-որ տարածքային միավորի։ Թեպետ ձևական ու դե յուրե կպահպանի անկախությունը, բայց այդ դեպքում Ստամբուլը կորոշի, թե ով կլինի Հայաստանի ղեկավարը»,- ասաց քաղտեխնոլոգը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հաղթանակի դեպքում հնարավոր սցենարին՝ նա հավելեց․ «Երբ ռուսական կողմն Ուկրաինայում աշխարհի ընկալմամբ հաղթանակ տանի, բնականաբար, դրանից հետո, ռուսական կողմն էականորեն սկսելու է մաքրել ԵՏՄ-ն արևմտյան ազդեցությունից։ Այս համատեքստում Հայաստանում հնարավոր է իշխանափոխության հետ կապված լուրջ քաղաքական գործընթացներ լինեն, որովհետև ռուսական կողմը փորձելու է էականորեն չեզոքացնել ու վերացնել արևմտյան ազդեցությունը Հայաստանից»։
Նա շեշտեց՝ արդյունքում ռուսական ազդեցությունը կմեծանա ու չի բացառվի նաև իշխանափոխության հնարավորությունը․ «Դրանից հետո Արցախյան հարցի հետ կապված զարգացումներ տեղի կունենան։ Այս ամենը հասկանում է Թուրքիան, նաև Ադրբեջանը։ Ու այդ իսկ պատճառով վերջերս սկսել են շատ արագ ձևով խաղաղության իրենց ծրագիրն առաջ տանել․ փորձում են ստանալ այն, ինչ հանարավոր է։ Քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, իրենք փորձում են մեծ արագությամբ ու Արևմուտքի վերահսկողությամբ քաղաքական գործընթացներ իրականացնել։ Սա է պատճառը, որ այսօրվա հանդիպումը տեղի է ունենում Բրյուսելում։ Իսկ Արևմուտք ասելով՝ հասկանում ենք անգլո-սաքսոնական աշխարհ, ԵՄ ղեկավարություն։ Այսինքն, Ատլանտյան այդ միությունը, օգտվելով Ուկրիանյում ընթացող ռազմակաn գործողություններից, ցանկություն ունի այստեղ ռուսական դերակատարության առնվազն չեզոքացմանը հասնել։ Այս ամենի մեջ պետք է դիտարկել Բրյուսելում սպասվելիք հանդիպումն ու այն արդյունքները, որոնք այնտեղից պետք է ստանալ։ Այսինքն, բավականին լուրջ ու հեռուն գնացող խնդիրներ կարող է լուծվեն»։
Նա հավելեց՝ սա չի նշանակում, որ Բրյուսելում այսօր անպայման մի փաստաթուղթ պետք է ստորագրվի․ «Պարզապես կարող են ձեռք բերվել պայմանավորվածություններ և կարող են փորձել դրանք շատ արագ կյանքի կոչել»։