Ես որևէ մեկին ինչ-որ բան հանձնելու մանդատ և լիազորություն չեմ տվել՝ լինի դա ՀՀ տարածք, թե Արցախ։ Այս մասին կառավարության շենքի մոտ տեղի ունեցած «Հանուն Արցախի» խորագրով բողոքի ակցիայի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նրա խոսքով՝ աշխարհի ոչ մի կետում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի խոսել ամբողջ հայ ժողովրդի անունից։
«Նիկոլ Փաշինյանը չի նեկայացնում ՀՀ բնակչության մեծամասնությանը, Փաշինյանը որևէ բան հանձնելու մանդատ չունի։ Մենք այսօր գործ ունենք օկուպացիոն վարչակարգի հետ։ Մենք ապրում ենք օկուպացված երկրում, օկուպացրել են ՀՀ պետական համակարգը։ Սա պետք է հասկանալ»,- նշեց փորձագետը։
Նրա պնդմամբ՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանը թուրքական միջանցք չէ, մենք պահանջատիրությունից չենք հրաժարվելու։
Նշենք, որ «5165 շարժումը» և մի շարք հասարակական կազմակերպություններ և հասարակական քաղաքական գործիչներ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ հանուն Արցախի։
Բողոքն ուղղված է գործող իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու քաղաքականության դեմ։
Հիշեցնենք, որ շարժման անդամները ապրիլի 4-ին ԱԺ շենքի մոտ հավաքվել և պահանջագիր են հանձնել խորհրդարանին։
«5165» շարժումը դիմել էր Ազգային ժողովին՝ Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց նախաձեռնելու և նրա միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքներ սկսելու համար։
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը կարևորել էր, որ որևէ մեկը չփորձի մոլորեցնել այն վախերով, թե Արցախի ճանաչման դեպքում պատերազմ կսկսվի:
«5165» շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը հայտարարել էր, որ շարժման պահանջը Արցախին ցեղասպանությունից փրկելու պահանջն է։