Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել է Մայր Աթոռի մամլո տեղեկատվական համակարգը։
Ըստ հաղորդագրության՝ ողջունելով խորհրդարանի նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը կարևորեց նման փոխայցելությունները և երկու երկրների միջև ընդլայնվող գործակցությունը` այն համահունչ նկատելով ժողովուրդների դարավոր բարեկամությանը:
Անդրադառնալով հայ և վրաց ժողովուրդների առջև ծառացած մարտահրավերներին և տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին՝ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ երկու երկրները անկախ իրենց շահերից և դիրքորոշումներից պետք է զորավիգ լինեն միմյանց հանուն հավատակից եղբայր ժողովուրդների բարօրության և անվտանգության։
Իր հերթին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին, նշեց, որ խաղաղությունն այլընտրանք չունի և այն երկու երկրների զարգացման ամենակարևոր գրավականն է:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր մտահոգությունները հայտնեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականության, Արցախի ու Հայաստանի նկատմամբ շարունակվող ոտնձգությունների կապակցությամբ։