Ապրիլի 6-ին տեղի ունեցած Բրյուսելյան հանդիպման արդյունքներով երկու հարցի վերաբերյալ կայացվել է որոշում, որոնց մասին փակագծեր բացեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 7-ի նիստում։
«Երկու երկրների նախագահներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները։ Սա նշանաում է, որ ՀՀ և ԱՀ ներկայացրած սկզբունքներն ու արդյունքները պետք է հասցեագրվեն»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ կառավարության նախորդ նիստերի ժամանակ ինքը հնչեցրել է, որ Ադրբեջանի առաջարկների մեջ անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը, հայկական կողմի համար սկզբունքային նշանակություն ունեն արցախահայերի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը։
«Այս հարցերն ընդգրկված են խաղաղության օրակարգի մեր պատասխանում և պիտի դառնան բանակցությունների առարկա»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դրական է գնահատվում հարցին ԵԱՀԿ համանախագահության ներգրավվածությունը և պիտի աշխատեն այդ ուղղությամբ։
Փաշինյանը նշեց, որ բանակցությունների ժամանակ խոսակցություն եղել է Փառուխի մասին, սակայն թեման տեղ չի գտել միասնական հայտարարությունների մեջ, քանի որ չի արժանացել միասնական գնահատականի։
«Ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում հարցի հետագա քննարկումը, քանի որ խոսքը, այնուամենայնիվ, ԼՂ տարածքում ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը անում ենք և կանենք»,- ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ կարևոր է համարում ռուսական խաղաղապահների գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության քննության հնարավորությունը, ինչի մասին խոսել է ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցների ժամանակ։
Հաջորդ հարցը, որի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն, մինչև ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելն է, որը կունենա կրկնակի մանդատ․ առաջինը բուն սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը՝ սահմանագծի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը։ Փաշինյանի հիշեցմամբ՝ քննարկումները շարունակվում են մեկ տարի, և ահա այսպիսի եզրահանգման են հասել։
«Գիտեք, որ ՀՀ-ում կան տարածքներ, որոնք ՀՀ վերահսկողության ներքո են, կան ադրբեջանական տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են, և այս հարցերը պետք է լուծվեն դե յուրե հիմնավորված արձանագրությունների, իրավական փաստերի հիման վրա»,- ընդգծեց վարչապետը։
Սահմանազատման աշխատանքների համար պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ն, Եվրամիությունը նույնպես աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում և այս ուղղությամբ, երկրի ղեկավարի խոսքով, պետք է առաջ շարժվենք՝ հիմք ընդունելով խորհրդային քարտեզները։
Իր խոսքում վարչապետն ասաց նաև, որ խոսք է եղել տարածաշրջանային կոմունիկացիանեի բացման, գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու, անհետ կորածների ճակատագիրը պարզելու շուրջ քննարկումներ (հայկական կողմից 985մարդ, 208 հոգի 44-օրյա պատերազմից, 777 հոգի՝ Արցախյան առաջին պատերազմից)։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև ապրիլի վերջ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ԱԳ նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
Մանրամասները՝ տեսանյութում։