Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ստացել են երկու անկախ, ինքնիշխան պետությունների հարաբերությունների բնույթ, բայց քանի որ դրանք հիմնված են շատ ամուր հիմքի, պատմական հարուստ շփումների վրա, հայ-ռուսական հարաբերությունները մնացել են եղբայրական և դաշնակցային՝ ամրապնդվելով և հարմարվելով նոր իրողություններին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների անցյալի, ներկայի և ապագայի մասին:
Դեսպանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները շատ խոր ավանդույթներ ունեն: Նրանք շատ մեծ ճանապարհ են անցել իրար հետ, և պատմական այդ ընդհանրությունը, համատեղ ձեռքբերումներն ու փորձությունները ստեղծել են երկու երկրների միջև փոխհարաբերությունների շատ նշանակալի և արժեքավոր ճարտարապետություն, որը վերաբերում է և՛ քաղաքականությանը, և՛ տնտեսությանը, և անվտանգության ոլորտին:
Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թ. Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 841 մլն 153.568 հազար ԱՄՆ դոլար, ընդ որում՝ արտահանումը կազմում է ավելի քան 847 մլն 251 հազար դոլար, իսկ ներմուծումը (ըստ արտահանող երկրի)՝ 1 մլրդ 993 մլն 902 հազար դոլար։
«Հայաստանը Ռուսաստանում ընկալվում է իբրև դաշնակից, եղբայրական երկիր: Դուք քիչ առաջ հիշատակեցիք, որ շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան: Կարծում եմ՝ դա պատահական չէ: Բացի այն, որ մուտքի ռեժիմն է շատ պարզեցված, մեծ դեր է խաղում նաև այն, որ ռուսաստանցիները շատ լավ են զգում իրենց այստեղ՝ ճիշտ այնպես, ինչպես, ես համոզված եմ, շատ լավ են իրենց զգում հայերը Ռուսաստանում»,- ասել է դեսպանը:
Հարցին, թե որո՞նք են Ռուսաստանի առաջնահերթությունները Հայաստանի հետ հարաբերություններում, և ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերությունների ապագան, դեսպանը պատասխանել է․
«Մեր ընդհանուր շահը, իհարկե, այն է, որ պահպանենք և բազմապատկենք մեր երկրների և ժողովուրդների հարաբերություններում կուտակված այն հարստությունը, այն վաստակը, որ մենք ունենք այսօր, և հարմարեցնենք մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ լինի անվտանգությունը, տնտեսությունը թե մշակույթը, հարմարեցնենք դրանք այն նոր իրողություններին և մարտահրավերներին, որոնց մեր երկրները առերեսվել են»:
Հարցին, թե ո՞րն է դեսպանի մեկնաբանությունը ինտեգրացիոն գործընթացի հարցի վերաբերյալ: Կա՞ արդյոք այդպիսի իրական հեռանկար, որ ինտեգրացիոն գործընթացները եվրասիական տարածությունում կարող են այդ ուղղությամբ տարվել:
«Ինչպես արդեն ասացի՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի և մեր բոլոր դաշնակիցների մոտեցումն այն է, որ ինտեգրման գործընթացներն, անշուշտ, շատ մեծ կարևորություն ունեն, և մենք պատրաստ ենք գնալու այդ ճանապարհով այնքան, որքան դա համապատասխանում է մեր երկրների շահերին: Բայց ուզում եմ ընդգծել շատ սկզբունքային մի հանգամանք, որ ինտեգրման այդ գործընթացները յուրաքանչյուր մասնակից պետության ինքնիշխան ընտրության արդյունքն են: Ուստի կարծում եմ, որ փոխգործակցության, ինտեգրման այն ձևաչափերը, որոնք կարող են ի հայտ գալ կամ զարգանալ, կախված են, առաջին հերթին իրական վիճակից և մեր երկրների պահանջներից, ինչպես նաև՝ յուրաքանչյուր պետության ինքնիշխան որոշումից»,- ասել է Կոպիրկինը:
Հիմա մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս այն ամենին, ինչ տեղի է ունենում գոյություն ունեցող ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում, և դա հենց յուրաքանչյուր մասնակից պետության քաղաքական, ինքնիշխան և գիտակցված ընտրության արդյունքն է: Ահա այդպես էլ մենք դրան վերաբերվելու ենք: