Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ մեղադրել է Հայաստանին հարաբերությունները կարգավորելու իրական մտադրություն չունենալու մեջ։
Մեկնաբանելով Մարաղայի հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարության երեկվա հայտարարությունը` Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պաշտոնական Երևանը «իրավունք չունի Ադրբեջանին մեղադրել իբր էթնիկ զտումներ իրականացնելու մեջ»։
«Ադրբեջանը կշարունակի իր քայլերը դեպի զարգացում և առաջընթաց իր միջազգային սահմաններում՝ իր պարտավորություններին և միջազգային իրավունքին համապատասխան՝ անկախ Հայաստանի ընտրությունից»,- ընդգծվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հայտարարություն է տարածել Մարաղայի հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ։
«Մարաղայի ջարդը Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հայկական ջարդերի շարունակությունն էր և Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ ատելության և էթնիկ զտումների քաղաքականության հերթական դրսևորումն է»,- մասնավորապես ասվում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում է կայացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև։ Բանակցությունների ավարտից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱԳ նախարարներին հանձնարարել են սկսել երկու երկրների միջև խաղաղ բանակցությունների նախապատրաստումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մինչև ապրիլի վերջ ձևավորել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման երկկողմ հանձնաժողով, որը կվերահսկի նաև անվտանգության ապահովման հարցերը սահմանի երկայնքով։