«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ տարածվող տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը վաճառել է իրեն պատկանող «Կոտայք» գարեջրի գործարանը: Գնորդը Գարեգին Մկրտչյանն է, որը գործարար Սուքիասյանների հետ վառելիքի ներկրմամբ է զբաղվում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Խաչատուր Սուքիասյանը Գարեգին Մկրտչյանի «տանիքն» է, որի արդյունքում էլ վերջինիս հաջողվել է Ծառուկյանից գնել գործարանը: Օրաթերթը փորձել է կապ հաստատել գարեջրի գործարանի նոր սեփականատեր Գարեգին Մկրտչյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք իրականում ինքն է գնել գործարանը, ու ինչ կապ ունի Սուքիասյանն այդ գործարանի հետ: Նախ Մկրտչյանը հայտարարեց, որ ինքը որեւէ մեկնաբանություն չի ցանկանում տալ, քանի որ քաղաքական գործիչ չէ, գործարար է ու որեւէ ցանկություն չունի ներքաշվելու ներքաղաքական նման հարցերում»:
«Իրավունք» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական լարվածությունը թոթափելու նպատակով Թալին խոշորացված համայնքում որոշել են գնալ նոր արտահերթ ընտրությունների: Հաշվի առնելով, որ տեւական ժամանակ է, ինչ ընդդիմադիր ուժերը, համայնքային իշխանությունը նրանցից գողանալու պատճառով, հրաժարվում էին մասնակցել ավագանու նիստերին, այդկերպ, ըստ էության, խափանելով նշանակովի համայնքապետարանի գործունեությունը: Այն, որ ընդդիմադիր ավագանու անդամները հրաժարվել են ավագանու նիստերին մասնակցելուց, հայտարարել են հենց իրենք` ընդդիմադիրները եւ ոչ մեկ անգամ: Այսօր, սակայն, Թալինի մեր աղբյուրները պնդում են, որ բավական ուշագրավ գործընթաց է նկատվում: Երբ արդեն քաղաքական մեծամասնությունը որոշել է վերջնականապես գնալ արտահերթ ընտրությունների, ընդդիմադիրները հայտարարում են, որ իրենք էլ, ինչպես տեղի մեր աղբյուրն է փաստում. «Հլու-հնազանդ համաձայն են գնալ եւ մասնակցել ավագանու նիստերին եւ աշխատել այն համայնքապետի հետ, ում հետ դեռ մի քանի օր առաջ, մինչեւ նոր ընտրությունների մասին հայտարարվելը, ոչ մի ցանկություն չունեին աշխատելու, ավելին՝ բառ փոխանակելու»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտում ուշագրավ զարգացումներ են ընթանում։ Մասնավորաբար, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներից ելնելով՝ բավականին ակտիվ է խորհրդարանական ընդդիմությունը, որը փորձում է կիրառել նոր գործիքակազմեր։ Թերթի տեղեկություններով, այս ամենին զուգահեռ տեղեկատվական դաշտում բավական ակտիվ գործունեություն է իրականացնում նաև իշխանությունը, մասնավորաբար տոտալ գրոհ է սկսվել ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Մենք տեղեկություններ ունենք, որ վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում մոտ մեկ տասնյակ նոր կայքեր են բացվել, որոնք ակտիվ «տիրաժավորվում» են իշխանությանը սպասարկող շրջանակների կողմից։ Այդ ռեսուրսների հիմնական խնդիրը ոչ այնքան իշխանությունների գովերգումն է, որքան տեղեկատվական դաշտում ակտիվ ընդդիմադիր գործիչներին ուղղված վարկաբեկիչ արշավը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուտով կլրանա 1 ամիսը, ինչ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները չկան: Մարտի 17-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին, ի պատասխան՝ ԲԴԽ-ն հակադարձել էր՝ նշելով, թե բանալիները չեն վերադարձվել Դատական դեպարտամենտին: Արդյունքում մակագրումը կատարվում է ձեռքով: Այս իրավիճակին զուգահեռ՝ մի շարք դատավորներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում են, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն է բավականին հաճախ գտնվում Վճռաբեկ դատարանում, եւ վերջին անգամ դատավորները նկատել են ապրիլի 4-ին, որ Վճռաբեկ դատարանի մուտքի մոտ է գտնվում Գագիկ Ջհանգիրյանի ծառայողական ավտոմեքենան, եւ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Վճռաբեկում մնացել է մոտ 3-4 ժամ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանի քաղաքական ստենդափը, որի մասին գրել էինք, գրեթե պատրաստ է։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Սունդուկյանի բեմում ներկայացնելու։ Մարությանին մոտ կանգնած աղբյուրը պատմում է, որ նա ի սկզբանե մտադիր չի եղել մոնոներկայացում բեմադրել, ցանկացել է նախկին կոլեգաներին ներգրավել՝ «Յոթ ու կեսի» տիպի զիլ ներկայացումով հանդես գալ։ Սակայն նախկին ընկերները մերժել են, քանի որ քաղաքապետ եղած շրջանում նա ոչ մեկի զանգին չի պատասխանել, ոչ մեկին ոչ մի հարցում չի ընդառաջել, նրանից նեղացած են։ Ուստի որոշել է միայնակ բեմ բարձրանալ՝ Վարդան Պետրոսյանի նման։ Ներկայացումն իրականում քաղաքական մուտքի նախերգանքն է լինելու, քաղաքական դաժան քննադատություն՝ ուղղված նախկին գործընկերներին՝ ՔՊ-ին։ Սակայն մի մասին ավելի շատ է թիրախավորելու, քան մյուսներին»։