Իշխանությունն իր հայտարարություններով արդարացնում է իր անգործությունը, պարտվողական քաղաքականությունը ու Արցախից ձեռքերը լվալու Արցախից հրաժարվելու գործողությունները։ Արցախը վտանգել ու շարունակում են վտանգել իրենք՝ իրենց գործողություններով։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր իշխող ուժի պատգամավորների այն հայտարարություններին, թե գնալով Արցախ ընդդիմությունը վտանգում է Արցախը։
«Ակնհայտ է, որ օրվա իշխանությունը երկիրը փորձում է տանել նոր կապիտուլյացիայի ու իրենց այս վարքագիծը հիմնավորելու համար փորձում են նման գռեհիկ, անմիտ ելույթներ ունենալ՝ հերթական անգամ խաբելով, մոլորեցնելով ու մեր ժողովրդին Ալիևով վախեցնելով»,- ասաց Սաղաթելյանը։
Անդրադառնալով այսօրվա բոյկոտին՝ Սաղաթելյանը նշեց, որ թիվ մեկ օրակարգը Արցախն է ու Հայաստանի անվտանգությունը։
«Այս պահին նպատակահարմար չենք գտնում ԱԺ-ում մեր երկրի կենսական շահերի հետ անմիջական առնչություն չունեցող հարցեր քննարկել։ Սա է պատճառը, որոշել ենք այս քառօրյային չմասնակցել։ Առաջիկա օրերին լինելու ենք Արցախում, այնուհետև Սյունիքում, Տավուշում ու Գեղարքունիքում»,-հավելեց նա։
Ինչ վերաբերում է դրոշը Արցախի տարբեր մարզերում բարձրացնելու ակցիային ու այն կարծիքներին, թե դա ձևական բնույթ է կրում՝ նա ընդգծեց․ «Այն մարդը, որն Արցախի դրոշը բարձրացնելուց նոպաներ է ունենում՝ իր խնդիրն է։ Սա ձևական ակցիա չէ, սա շատ հստակ քաղաքական ու ժողովրդական ուղերձ է թե՛ դրսի երկրներին, թե՛ իշխանություններին»
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց, որ չի մասնակցի ԱԺ նիստերին։ Ընդդիմության պատգամավորները մեկնում են Արցախ և ՀՀ սահմանամերձ համայնքներ։