Ես համաձայնություն եմ տվել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր պետք է կնքվի որքան հնարավոր է շուտ։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում ներկայացնելով կառավարության գործունեության կատարողականը։
«Այստեղ էլ պատրանքներ չունենք, քանի որ չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղ բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել՝ Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիայի դրսևորմամբ»,- ասաց Փաշինյանը։
Նույնը, ըստ Փաշինյանի, կարելի է ասել սահմանների սահմանագծման ու սահմանազատման գործընթացի մասին։
«Այստեղ էլ չենք բացառում, որ Ադրբեջանը փորձի օգտագործել այս գործընթացը Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու համար»,- ընդգծեց վարչապետը։
«Ո՞րն է մեր մարտավարությունը սահմանների սահմանազատման հարցում։ Հստակեցնել Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը, պաշտոնապես արձանագրել Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այս հարցում, լինել հնարավորինս լեգիտիմ մեր մոտեցումներում, այսինքն՝ սահմանների հստակեցման գործընթացում օգտագործել միայն դե յուրե փաստեր և փաստարկներ։ Այդ լեգիտիմության ճանաչումը ստանալ և դրա հիման վրա Ադրբեջանի հետ սահմանների հարցում համաձայնության գալ»,- ասել է Փաշինյանը։
«Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»,- ասաց ՀՀ վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում։