Գերիների հետ կապված թեման կրկին քննարկվել է վարչապետ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում, և կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի։ Այս մասին ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ շարունակվում են այդ հարցի շուրջ բանակցությունները։
«Անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդիրը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է, և ամենժամյա աշխատանքի թիրախն է։ Ադրբեջանը, տարբեր պատրվակներ բերելով, ցայսօր չի կատարել իր պարտավորությունները, այն է՝ անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց։ Այժմ Ադրբեջանը գերիների հարցը փորձում է կապել Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած անձանց փնտրելու հարցի հետ։ Այդ հարցերն իրար հետ կապ չունեն, և որպես բարի կամքի դրսևորում՝ մենք արել և շարունակում ենք անել մարդասիրական մեր քայլերը և ակնկալում ենք, որ նույնպիսի պահվածքը էլ պետք է լինի Ադրբեջանի կողմից»,- հայտարարեց Միրզոյանը։