Ապրիլի 13-ին` ժամը 18.18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ ապրիլի 10-ից ապրիլի 13-ի ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում մուրճանման առարկայով վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Երևանի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պղծվել է հայ ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը։ Հուշաքարը գտնվում է Երևանում՝ Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում, տեղադրվել է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին։ Քանդակագործը Տիգրան Արզումանյանն է։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Երևանում վանդալիզմի էր ենթարկվել Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիտը։