ՌԴ-ում հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի առանցքային հարցերը, ինչն արտահայտված է ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի համատեղ հայտարարության մեջ։ Այս մասին կառավարության ապրիլի 22-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առանձնակի ուշադրության են արժանացել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ արձանագրելով ՀՀ և ՌԴ մոտեցումների նույնականությունը։
Փաշինյանը վերահաստատեց ՀՀ պատրաստակամությունը՝ օր առաջ մեկնարկել արևելքն արևմուտքին կապող երկաթգծի և ավտոճանապարհի շինարարությունը ՀՀ տարածքով։ Փաշինյանը հույս հայտնեց, որ ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների մակարդակով ստեղծված եռակողմ խումբը կկարողանա մշակել փաստաթղթեր ու համաձայնեցնել դրանք։
Փաշինյանն ասաց, որ ՌԴ նախագահի հետ բանակցությունների ևս մեկ արդյունք է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կարևորության ընդգծումը՝ դրանից բխող քաղաքական հետևանքներով։
«Եթե հաշվի առնենք, որ նախօրեին ՀՀ էին ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի համանախագահողները, ապա կարող ենք ասել, որ ՄԽ լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն։ Փաշինյանի խոսքով՝ անգամ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունները չեն խանգարում համանախագահներին իրենց մանդատին հավատարիմ մնալ, գործել, այցելել տարածաշրջան, անել հայտարարություններ։
Խոսելով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների գործունեության մասին՝ Փաշինյանն ասաց, որ նրանց դերն անուրանալի է, սակայն մյուս կողմից նրանց գոծունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա։ ՀՀ վարչապետը հույս է հայտնում, որ ադրբեջանական ԶՈՒ ստորբաժանումները դուրս կգան ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տարածքում գտնվող Փառուխի տարածքից։
Վարչապետը նշեց, որ իր այցը Մոսկվա ներկայացվել է Արցախի նախագահին, ինչը սովորական գործելաոճ է․ Արցախի Հանրապետության նախագահն իր հերթին քաղաքական վերնախավին ներկայացնում է դրանք։ ՀՀ խորհրդարանական ընդդիմության հետ նույնպես քննարկումների փորձ եղել է, սակայն դրանք մերժվել են։