Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ում արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին։
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ Twitter-ում Չավուշօղլուն գրել է.
«Արևմտյան որոշ առաջնորդներ (նկատի ունի Ջո Բայդենին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին-խմբ.) վերջերս պաշտպանում են այն տեսակետը, որ «ցեղասպանությունը» միայն դատարանի որոշմամբ կարող է հաստատվել։
Ճիշտ է։
Բայց նրանց երկերեսանիության ամենակարկառուն օրինակն այն է, որ նույն մարդիկ #1915 թվականի դեպքերի համար քաղաքական դրդապատճառներով օգտագործել են «ցեղասպանություն» բառը՝ առանց իրավասու դատարանի որոշման»։
Հավելենք նաև, որ ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ-ն առանձին հաղորդագրությամբ դատապարտել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը:
«Մենք մերժում ենք նման հայտարարություններն ու որոշումները, որոնք խեղաթյուրում են պատմական փաստերը քաղաքական դրդապատճառներով և դատապարտում ենք նրանց, ովքեր պնդում են այդ սխալը»,-Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի ԱԳՆ-ում նշել են, որ Բայդենի հայտարարությունը 2021 թվականին կատարված սխալի կրկնությունն է՝ նշելով, որ, ըստ իրենց, այն չի համապատասխանում պատմական փաստերին և միջազգային իրավունքին:
Հիշեցնենք, որ այսօրվա ուղերձում Բայդենը կրկին օգտագործել էր Ցեղասպանություն եզրույթը: Նա, մասնավորապես, նշել էր. «Մենք ճանաչում ենք նրանց ցավն ու հարգում նրանց պատմությունը։ Այսօր՝ 107 տարի անց, հայ ժողովուրդը շարունակում է հարգել բոլոր հայերին, ովքեր կորսվեցին ցեղասպանության ժամանակ»։
Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի՝ 2021-ին, Բայդենն իր ուղերձում օգտագործել էր Ցեղասպանություն եզրույթը: