Թուրքական ծայրահեղ աջ «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը, որը ցույց է տվել Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչներին, նացիստական «զիգ հայլ-Հեյլ Հիտլեր» ողջույնի թուրքական մեկնաբանությունն է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Թուրքիայի արտգործնախարարի նման պահվածքը «շատ հստակ ակնարկ է բոլորիս»,- ասել է Բաբայանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել էր Ուրուգվայ՝ բանակցություններ վարելու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ և երկրում դեսպանատան նոր շենք բացելու համար։ Հանդիպման ընթացքում հայ համայնքի անդամները ցույց են կազմակերպել՝ բողոքելով նրա այցից Ուրուգվայի կողմից պաշտոնապես ճանաչված և Անկարայի կողմից ժխտված Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին։
Հեռանալով` Թուրքիայի արտգործնախարարը Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան մոտ մեքենայից հայ համայնքի ներկայացուցիչներին մատներով ցույց է տվել աջակողմյան ազգայնական «Գորշ գայլերի» հայտնի նշանը, որը խորհրդանշում է թուրքական ազգայնականությունը: