Երեկվա տարբեր երթերի մասնակցության թիվը շատ մեծ էր։ Հստակ է, որ ազգը արթնացել է։ Հստակ է՝ մարդիկ գիտակցել են, որ պետք է քշել այս իշխանություններին, որպեսզի մեր բոլորիս ուզած հայրենիքն ունենանք։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում Ազատության հրապարակում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա նշել է, որ հուսով է՝ ոստիկանությունը չի գնա սրացման։
«Անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը։ Չկան ուժեր, որոնք կարող են կասեցնել ժողովրդի պոռթկումը։ Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում տղաներին կատարել օրենքով վերապահված իրենց լիազորությունները»,- ասաց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանական պատգամավորները ընդդիմությանը մեղադրում են նոր պատերազմ հրահրելու մեջ՝ Վանեցյանն արձագանքեց․ «Իշխանությունները հերթական անգամ ստում են։ Պատերազմի թեզը առաջ տանելով՝ փորձում են ահաբեկել մեր բնակչությանը։ Նոր պատերազմ չի լինելու, նոր պատերազմ լինելու է, եթե իրենք մնան իշխանության։ Իրականում պատերազմը շարունակվում է»։