Ադրբեջանում հերթական անգամ հայտարարել են, որ Հայաստանից կոնկրետ քայլեր են ակնկալում տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակման շրջանակներում նախատեսված երկաթգծի հայկական կողմի հատվածի կառուցման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նախարարի խոսքով՝ Ադրբեջանը ծրագրում է իր հատվածի շինարարությունն ավարտել 2023 թվականին և ակնկալում է կոնկրետ քայլեր՝ կապված Հայաստանում այդ ուղղությամբ աշխատանքների հետ։
Ադրբեջանա-վրացական համագործակցությունը, նրա խոսքով, կարող է օգտագործվել որպես մոդել, «եթե մենք Հարավային Կովկասը դիտում ենք որպես մեր համատեղ տունը»:
Հայաստանը, նրա խոսքով, նույնպես կարող է իր տեղը զբաղեցնել միջազգային նախագծերում՝ «պահպանելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները»։
Այս համատեքստում Բայրամովը հիշատակել է Հայաստանի արտգործնախարարի հետ ունեցած իր շփումները։
«Հայաստանի ԱԳՆ-ի հետ մեր շփումների որոշ արդյունքներ կան։ Ես արդեն երկու հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ։ Արդեն կան սահմանների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները սկսելու անհրաժեշտ պայմանները»,- ասել է նա։