«Հասարակության մոտ այս օրերին այլ վերաբերմունք է սկսում ձևավորվել։ Մենք այսօր տեսնում ենք, որ ավելի մասշտաբային են դառնում իշխանությունների դեմ տեղի ունեցող գործընթացները։ Տեսնում ենք նաև ապակենտրոնացված ինչ-որ գործընթաց, այս պահի դրությամբ նաև լիդերի բացակայություն ու կիրառվող բավականին հայտնի տեխնոլոգիաներ»,- Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նա շեշտեց, որ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո մեր երկրում ստեղծված ճգնաժամը լուծում կստանար միայն այն դեպքում, երբ ընտրական գործընթացների ժամանակ գործադիր իշխանության ղեկավարն այլ անձ լիներ։
«Ընտրական գործընթացն ինչ-որ ժամանակով սառեցրեց ներքաղաքական ճգնաժամը, բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, ճգնաժամը, որպես այդպիսին, չլուծվեց, քանի որ ուժը, որը կապիտուլյացիա բերեց, երկրի զարգացման հետ կապված որևէ ծրագիր չունի։ Իսկ «խաղաղության ծրագրի» հիմնական նպատակն այս տարածքում ռուսական ազդեցությունն ամբողջովին վերացնելն է։ «Խաղաղության պայմանագրի» դեպքում, Ղարաբաղի հարցը, որպես այդպիսին, ակտուալ չի դառնալու։ Եթե արևմտյան ծրագրով «խաղաղության պայմանագիր» կնքվի, բնականաբար, 102-րդ ռազմաբազայի տեղակայման հարցն այստեղ անիմաստ է դառնալու։ Այսինքն, Հայաստանի իշխանությունների ձեռքերով մի այնպիսի խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթաց է տարվում, որի վերջնական նպատակը Ռուսաստանի դիրքերի թուլացումն է։ Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ հասարակության մոտ դժգոհություն է առաջացրել, ինչից օգտվելով՝ ընդդիմությունը ձևավորում է իր քաղաքական գործընթացը»,- ասաց քաղտեխնոլոգը։
Նրա խոսքով՝ իշխանությունների՝ Հայաստանի զարգացման վեկտորը չունենալու իրողութունը նման գործընթացների է հանգեցնում։ Նա շեշտեց, որ այս առումով ամեն ինչ սրվեց հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո։
Շեշտելով, որ սա նշանակում է Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամություն՝ նա հավելեց․ «Սա մարդկանց մոտ առաջացնում է հարց առ այն, որ 30 տարի, փաստորեն, կյանքն անմիաստ է անցել։ 2020-ին իշխանությանը չհաջողվեց Արցախն ամբողջովին հանձնել Ադրբեջանին։ Հիմա այդ գաղափարն առաջ տանելու հարմար պահ է՝ այս հարցում ոչ թե ավելի անկեղծ լինելու, այլ զուտ քաղաքական նպատակահարմարության հարց է․ Ադրբեջանը չի պատրաստվում 500 տարի սպասել»։
Ամփոփելով՝ նա նշեց, որ այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հանգուցալուծումը կախված է բազմաթիվ գործոններից․ «Նախ՝ ինչպե՞ս իրեն կպահի ընդդիմությունը, արդյո՞ք արդյունավետ կօգտագործվեն կիրառվող տեխնոլոգիաները, թե, ժողովրդական խոսքով ասած, «թավաքյալի» կվերաբերվեն իրականացմանը։ Կամ՝ ճիշտ կաշխատե՞ն մարզերի բնակիչների հետ և նման շատ այլ հարցեր»։
Իրավիճակը դիտարկելով աշխարհաքաղաքական համատեքստում՝ Բադալյանը հավելեց․ «Ուկրաինական պատմությունից հետո Ռուսաստանը ԵԱՏՄ երկրներում ակտիվորեն փորձելու է Արևմուտքի ազդեցությունը չեզոքացնելու քաղաքականություն իրականացնել։ Հայաստանում այսօր տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ ՌԴ-ից բավականին դրական արձագանքներ կան։ Ես չեմ պնդում, որ «այստեղ ռուսական» ձեռք կա, այստեղ այս պահին ես «հայկական ձեռք» եմ տեսնում։ Միևնույն ժամանակ, ռուսական կողմից խոչընդոտ կամ բացասական վերաբերմունք չեմ տեսնում»։