Բաքվին և Երևանին հաշտության համաձայնագրի նախապատրաստման հարցում օժանդակելիս ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հիշեցնեմ, որ այդ սկզբունքները պատրաստվել են Բաքվում և կառուցողական արձագանք են ստացել Երևանից։ Մենք կարծում ենք, որ այս սկզբունքները լավ հիմք են դիրքորոշումները համակարգելու համար»,- ասել է Զախարովան։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեմային, ապա, ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, Բաքվի և Երևանի միջև այս հարցում սկզբունքային տարաձայնություններ են մնացել։
«Մենք տեսնում ենք մեր դերը կողմերի դիրքորոշումների մերձեցմանն օգնելու մեջ, և ոչ հակառակը»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկ է ուղարկել հետևյալ հինգ կետերից.
– պետությունների կողմից ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչման,
– պետությունների կողմից միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և նրանց կողմից իրավական պարտավորությունների ստանձնման փոխադարձ հաստատում, որ ապագայում նման պահանջներ չեն ներկայացվի,
– միջպետական հարաբերություններում զերծ մնալ միմյանց անվտանգության սպառնալիքներով, անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների և ուժի կիրառումից, ինչպես նաև այլ դեպքերից, որոնք չեն համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին,
– պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
– կապի և տրանսպորտի բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների ստեղծում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության ձևավորում:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից ներկայացված բոլոր 5 կետերն ընդունելի են հայկական կողմի համար, սակայն դրանք ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ «Հայկական կողմի համար հիմնարար են արցախահայության իրավունքների և ազատությունների հստակ երաշխիքները, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը»,- ասաց Միրզոյանը։