Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ, նախկին նախարար Վահագն Խաչատուրյանին այդ պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Ռոբերտ Խաչատրյանին:
Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել գնահատականների համար և նշել, որ դրանք ավելի պարտավորեցնող են: «Դուք տվել եք ազատություն գործունեության մեջ՝ միաժամանակ նշելով, որ այդ ազատության մեջ ամենակարևորը պատասխանատվությունն է»,-շեշտել է Վահագն Խաչատուրյանը:
Նորանշանակ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար. «Նախարարությունում կա արդեն ձևավորված թիմ և շատ ճիշտ հիմքերի վրա դրված, սկսված աշխատանքներ, որի մեջ շատ մեծ դերակատարություն են ունեցել պարոն Խաչատուրյանը, իմ նախկին կոլեգանները՝ ի դեմս պարոն Արշակյանի, պարոն Չոբանյանի: Եթե այդ ամեն ինչը ճիշտ շարունակենք՝ վստահ եմ, որ հաջողության կհասնենք: Կարևորը շարունակենք սկսված ծրագրերը և հետագայում արդեն կմտածենք նորերի վերաբերյալ»: