Ոստիկանությունը տեղեկություններ ունի, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են այսօր կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում իրականացնել հակաօրինական գործողություններ՝ զավթելու ԱԺ շենքը՝ այդ կերպ խաթարելով հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններից, հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնելու է հավաքի կազմակերպիչների վրա:
Կրկին հորդորում ենք բոլոր օրինապահ քաղաքացիներին՝ չտրվել սադրանքներին և զերծ մնալ ոչ իրավաչափ գործողություններից, հակառակ դեպքում նույնպես կենթարկվեն պատասխանատվության»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Երևանում այսօր վաղ առավոտից կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են: Ընդդիմությունը երեկվանից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։
Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել:
Նշենք, որ այսօր՝ 16։30-ին, ԱԺ-ում տեղի է ունենալու ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամ։