Ես այսօր պարզապես քայլում էի, երբ տեսա՝ «կարմիր բերետները» ձերբակալում էին մեր տղաներին ու աղջիկներին։ Այս մասին պատմեց ժամեր առաջ ձերբակալված Համբիկ Սասունյանը, որին քիչ առաջ ազատ արձակեցին։
Նա ասաց, որ պարզապես մոտեցել է ոստիկաններին ու հարցրել, թե ինչո՞ւ են բերման ենթարկում երիտասարդներին, բայց իրեն էլ են տարել։
«Երկու հոգի ինձ բռնեցին ու վայրենաբար մեքենա նստեցրին, գլուխս էլ խփեցին մեքենայի դռան վերին մասին, սակայն ես ձայն չհանեցի»,- ասաց Սասունյանը՝ հավելելով, որ հիասթափված է ՀՀ ոստիկանության պահվածքից։ Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն է ոստիկաններին հրահանգավորել այդպես վարվել ցուցարարների հետ, ինչի համար Սասունյանն ամոթանքի խոսքեր ասաց։
Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյանը 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին սպանելու մեղադրանքով դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն 2021-ին ազատ էր արձակվել։ 1982թ. հունվարի 28-ին՝ առավոտյան 9։40-ին, այդ ժամանակ 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում՝ Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում, համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին։ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դատապարտել էր այս արարքը՝ որակելով այն ահաբեկչություն։
Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ 2013թ.-ի դրությամբ Համբիկ Սասունյանը կրում էր իր պատիժը ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին, ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը։ Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել բանտից։ 37 տարի ազատազրկումից հետո 29.12.2019 ԱՄՆ դատարանը բավարարել է նրա հայցը վաղաժամ ազատ արձակման մասին։ Նրան բաց են թողել պայմանական վաղաժամկետ ազատմամբ։
Համբիկ Սասունյանը Հայաստան վերադառնալու որոշում է կայացրել։
Հիշեցնենք, որ Երևանում այսօր վաղ առավոտից կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են: Ընդդիմությունը մայիսի 2-ից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։ Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել: