Հայաստանն իր վեց կետերով առաջարկել է, որ ԼՂ հիմնախնդրին ևս լուծում տրվի, որպեսզի հնարավոր լինի խաղաղության համապարփակ պայմանագիր ունենալ։ Այս պահին մեր մոտեցումն այն է, որ երկու փաթեթները՝ 5+6 կետերը պետք է միացնել իրար և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Այս համատեքստում նա լրագրողների խնդրանքով անդրադարձավ Ալիևի օգնականի՝ Հաջիևի հետ վերջերս ունեցած հանդիպմանը։ Լրագրողի դիտարկմանը՝ ադրբեջանական կողմում արդյո՞ք ընդունում են հայկական կողմի առաջարկները, քանի որ հրապարակային դաշտում, համենայն դեպս, մերժում են, ԱԽ քարտուղարն արձագանքեց․ «Ես Ադրբեջանի կողմից մեր առաջարկների վերաբերյալ որևէ մերժում չեմ տեսել։ Մեր քննարկումներում երկու փաթեթները միացնելու և խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու փոխըմբռնում կա»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ավելի վաղ Հայաստանին խաղաղության համաձայնագրի վերաբերյալ 5 կետերից բաղկացած առաջարկ է ուղարկել։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից ներկայացված բոլոր 5 կետերը ընդունելի են հայկական կողմի համար, սակայն դրանք չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը: Հայկական կողմը ևս իր առաջարկներն է ներկայացրել Ադրբեջանին։