Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտը սկսել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը բռնագանձելու գործընթաց: Այս մասին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հաղորդագրություն է տարածել:
Առանձնատունը ձեռք է բերվել գումարով, որը հայ գործարարներից մեկը որպես կաշառք տվել է նախկինում ՀՀ-ում բարձր պաշտոն զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի ընտանիքին:
ԱՄՆ-ը պնդում է, որ գործարար Սեդրակ Առուստամյանը Գագիկ Խաչատրյանին և նրա ընտանիքին 20 միլիոն դոլար կաշառք է տվել՝ իր բիզնեսի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսևորելու համար: Նշվում է, որ այդ գումարն օգտագործվել է Լոս Անջելեսի Հոլմբի Հիլս թաղամասում առանձնատուն գնելու համար: Նշվում է նաև, որ այդ առանձնատունը վերջերս վաճառքի էր դրվել 63 միլիոն 500 հազար դոլարով:
Հաղորդագրության համաձայն՝ գործարքը հետաքննվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի Եվրասիական կազմակերպված հանցավորության դեմ պայքարի խմբի և ԱՄՆ Մարշալների ծառայության կողմից: ՀՀ գլխավոր դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը ցուցաբերել են առանցքային օգնություն։