ԱԺ գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ նախագծի՝ վարչապետը կարող է համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել։
Զեկուցող Վահագն Հովակիմյանը պարզաբանել էր, որ երբ լինում է ֆորս-մաժորային իրավիճակ, և խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա այս դեպքում հնարավորություն է ընձեռվում, որ վարչապետը կարողանա համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել` մինչև համայնքը կընտրի իր ղեկավարին:
Նախագծի ընդունմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաև տվյալ համայնքի ավագանու անդամը:
«Մեծամասնական ընտրակարգի դեպքով պայմանավորված՝ սահմանափակում կա, որ ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս դեպքում հաշվի առնելով, որ խոշորացված համայնքները համամասնական ընտրակարգով ձևավորված համայնքներ են, և, որպեսզի տարընթերցումը, օրենքի դրույթների հակասությունը վերանան, առաջարկվում է 102-րդ հոդվածի 6-րդ մասում ավելացնել ամրագրում, որ 19-րդ հոդվածի կարգավորումն այս դեպքում չի գործում: Սրանով մենք հնարավորություն ենք տալիս ՀՀ վարչապետին՝ իր քաղաքական կամքն իրացնելիս անկաշկանդ լինել»,- մեկնաբանեց նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը:
Նշենք, որ կառավարության եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր: