Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին Հաղթանակի 77-րդ տարեդարձի առթիվ։
Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված է.
«Այսօր մենք անսահման երախտագիտության զգացումով հիշում ենք բոլոր նրանց, որոնք վճռական ներդրում են ունեցել խաղաղության հասնելու գործում, պատվում ենք մեր թանկագին վետերաններին և թիկունքի աշխատանքի երախտավորներին։ Նրանց հերոսությունն ու անօրինակ սխրանքը հավերժ կմնան մեր սրտերում։
Մեծ անցյալի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը և համակողմանիորեն զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների»։
Միխայիլ Միշուստինին ուղղված շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է․
«Մեր հայրերի ու պապերի և բոլոր նրանց անմահ սխրանքը, ովքեր հերոսաբար ուս ուսի կռվել են մարտի դաշտում և անձնուրաց աշխատել թիկունքում, հավերժ կմնա մեր սրտերում։
Մեծ հաղթանակի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը և համապարփակ զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների»:
Մայիսի 9-ի առթիվ ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, ինչպես նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևին: