Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ արդարադատության նախարարությանը հետաքննել Փենսիլվանիայի Սենատի հանրապետական թեկնածու Դոկտոր Մեհմեթ Օզին, քանի որ Օզի կապերը թուրք բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ սերտանում են, թուրք-ամերիկյան երկքաղաքացիություն ունի և բացահայտ կապեր այն շրջանակների հետ, որոնք ժխտում են Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին ասվում է ANCA-ի հաղորդագրության մեջ։
Արդարադատության դեպարտամենտին ուղղված նամակում ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մտահոգություն է հայտնել Օզի կողմից 1938 թվականի օտարերկրյա գործակալների գրանցման ակտի (FARA) հնարավոր խախտման կապակցությամբ՝ կապված Ստամբուլում տեղակայված Turkish Airlines-ի հետ, որի միջոցով Օզը «խորհրդատվական ծառայություններ է մատուցում»:
Նշվում է նաև, որ «Օտարերկրյա տնօրեն» կարող է լինել օտարերկրյա կառավարություն, օտար քաղաքական կուսակցություն, ԱՄՆ-ից դուրս գտնվող ցանկացած անձ, ցանկացած կազմակերպություն, որը կազմակերպված է օտար երկրի օրենքներով կամ ունի իր գործունեության հիմնական վայրը օտար երկրում:
Իր հարցազրույցներից մեկում Ամբարյանը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ժխտող Էրդողանի դաշնակցին ԱՄՆ Սենատ ուղարկելը կլինի ամենավատ դավաճանությունը և ամոթալի հրաժարումը Ամերիկայի կողմից մարդու իրավունքներին հավատարիմ մնալուց։
Փենսիլվանիայի Սենատի հանրապետականների նախնական ընտրությունները տեղի կունենան մայիսի 17-ին։
Ավելի վաղ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն Օզի մրցակցի կազմակերպած հանրահավաքում մտահոգություններ էր հայտնել Թուրքիայի հետ Մեհմեդ Օզի կապերի վերաբերյալ։
ABC News-ը մայիսի 4-ին հայտնել է, որ Օզը, ով ունի Թուրքիայի քաղաքացիություն, քվեարկել է 2018 թվականին Թուրքիայում կայանալիք ընտրություններին, չնայած նախկինում ասել է, որ երբեք չի մասնակցել երկրի քաղաքական կյանքին «որևէ կարգավիճակով»:
Մեհմեթ Օզն ասել է, որ պահպանել է Թուրքիայի քաղաքացիությունը հիվանդ մորը խնամելու համար, և խոստացել է ԱՄՆ Սենատում ընտրվելու դեպքում հրաժարվել Թուրքիայի քաղաքացիությունից։