Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ բարձր ենք գնահատում տարածաշրջանային կոմունիկացիաների, ավտոմոբիլային, երկաթուղային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արդեն իրականացված աշխատանքի համար: Գիտեք, թե մեզ համար որքան կարևոր է այդ թեման, քանի որ երբ մենք կոնկրետ լուծումների գանք, այն կփոխի իրավիճակը տարածաշրջանում ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական, հոգեբանական, անվտանգության իմաստով: Գիտեք, թե մենք որքան շահագրգռված ենք, որպեսզի դրա հետ կապված կոնկրետ և դրական արդյունք ունենանք: Մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել: Մոսկվա կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում սա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վալդիմիրի Պուտինի հետ քննարկվող առանցքային թեմաներից մեկն էր: Եվ ես շատ ուրախ եմ, որ սրա կապակցությամբ մենք մեր ընդհանուր մոտեցումները, մեր ընդհանուր դիրքորոշումներն ամրագրեցինք: Ինչ վերաբերում այդ թեմայի հետ կապված հետագա աշխատանքին, այդ թեման ունի նաև տեխնիկական կողմ, որը, կարծում եմ՝ այնքան էլ բարդ չէ: Բայց որպեսզի մենք կոնկրետ և արդյունավետ լուծումներ ունենանք, պետք է լուծել բոլոր իրավաբանական հարցերը, ընթացակարգային հարցերը, որոնք ոչ միայն մեզ կօգնեն արագորեն կոնկրետ լուծումների հանգել, այլ նաև այդ լուծումները կդառնան ավելի հիմնավորված և ավելի ուժեղ, եթե կարելի է այդպես ասել»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ պետք է որքան հնարավոր է շուտ գալ կոնկրետ լուծումների։
Իր հերթին Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ Փաշինյանի՝ Մոսկվա կատարված վերջին այցերի շրջանականերում կատարված հանդիպումների արդյունքներով պրոֆիլային նախարարությունները առաջադրանքներ են ստացել։
«Եվ ուզում եմ շատ կարևոր պահ նշել, որին Դուք ուշադրություն հրավիրեցիք Ձեր այցի ժամանակ, դա այն է, որ ամբողջությամբ հանվեն կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները: Հիմա օպերատիվ շտաբը նման որոշում է կայացրել՝ մայիսի 16-ից բոլորը կհանվեն և հնարավոր կլինի և ավտոճանապարհներով երթևեկել, և ինքնաթիռներով: Այսինքն՝ բոլոր այս հարցերը, որոնք իսկապես մեր երկրների միջև շփումները հետաձգում էին, այսօր հանվում են: Բացի այդ, մենք նաև Ձեզ հետ որոշումներ ընդունեցինք առևտրային ոլորտի բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք այսօրվա թեմայի համատեքստում շատ կարևոր են: Պատրաստ ենք հետագայում ևս նույն ոգով շարունակել համագործակցությունը և զարգացնել այն»։
Խոսելով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների մասին՝ Օվերչուկը նշել է․ «Մենք լիարժեքորեն և ամբողջությամբ կիսում ենք Ձեր գնահատականները Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների հաստատման հարցում: Իրոք, երբ դա տեղի ունենա, դա ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան: Եվ իսկապես նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա և լրացուցիչ ազդակ ստանա, և դրա հետ կապված նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը: Սրա հետ կապված մենք, իհարկե, առավելագույն ջանքեր ենք գործադրում և՛ Մհեր Գրիգորյանի, և՛ Շահին Մուստաֆաևի հետ, որպեսզի այդ հարցերը լուծենք: Եվ ինչպես Դուք ճիշտ նկատեցիք, իհարկե շատ կարևոր են իրավաբանական և ընթացակարգային լուծումները»:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին: