Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում։ Հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-17-ը։ Այս մասին այսօր Դուշանբեում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արարատ Միրզոյանը:
«Մեր շփումների ինտենսիվությունը հաստատում է ռուս-հայկական հարաբերությունների մակարդակը։ Մեր հանդիպումից անմիջապես հետո տեղի կունենա հերթական շփումը եռակողմ ձևաչափով մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ, որի ընթացքում կքննարկենք եռակողմ հայտարարությունների շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից կայացվող որոշումների կատարման ընթացքը, որոնց արդյունքում ստեղծվել են համապատասխան աշխատանքային մեխանիզմներ՝ մեր ղեկավարների կողմից համաձայնեցված որոշումները կյանքի կոչելու համար»,-ասել է Լավրովը։
Արարատ Միրզոյանն իր հերթին հիշեցրել է, որ ապրիլի 19-20-ը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Ռուսաստան, Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքում ստորագրվել է ծավալուն հայտարարություն, որում արտացոլվել է երկկողմ և միջազգային գրեթե ողջ օրակարգը, ստորագրվել են նաև մի շարք այլ երկկողմ փաստաթղթեր:
«Մեր օրակարգում ՌԴ նախագահի Հայաստան պետական այցի կազմակերպման հարցն է, որը տեղի կունենա ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում՝ հոկտեմբերից-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Երկու երկրների ղեկավարների հերթական հանդիպումը՝ այս անգամ ոչ պաշտոնական, տեղի կունենա մայիսի 16-ին՝ Մոսկվայում՝ ՀԱՊԿ շրջանակներում»,-ասել է Արարատ Միրզոյանը:
Նա նշել է, որ ինտենսիվ աշխատանք է տարվում, որպեսզի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման բոլոր պայմանավորվածությունները ժամանակին կատարվեն:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Դուշանբե` մայիսի 12-13-ը մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։