«Ապրելու երկիր» կոսակցությունն արձագանքել է սահմանագծման և սահմանազատման գործընթացների վերաբերյալ հայ-ադրբեջանական բանակցություններին։
«Անցած տարվա մայիսի 12–ից ադրբեջանական զորքերի կողմից մինչև այժմ, ըստ պաշտոնական աղբյուրների, օկուպացված է մեր պետության 40-45 քառակուսի կմ տարածք:
Թեև ադրբեջանական զորքերի ներթափանցման ժամանակ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն եղել է այն, որ նման պայմաններում հնարավոր չէ գնալ սահմանագծման և սահմանազատման, սակայն կարճ ժամանակ անց հետքայլ է արվել այդ հայտարարությունից՝ շրջանառության մեջ դնելով «հայելային հետքաշման» թեզը:
Այս ամենը փոխեց նաև միջազգային հանրության արձագանքը հարցի վերաբերյալ, որոնց դիրքորոշումը մինչ այդ հստակ էր․ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից։
Ադրբեջանական զորքերի ներկայության պայմաններում հնարավոր չէ խոսել իրական խաղաղության կառուցման կամ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին:
Փաստացի, սա ցույց է տալիս, որ մեզ հետ խոսում են ուժի և ուժի սպառնալիքի դիրքերից, իսկ մեր պաշտոնյաները իրենց անզգույշ հայտարարություններով յուրատեսակ կերպով «արդարացնում» են Բաքվի գործելաոճը՝ փորձ անելով քողարկել սեփական դիվանագիտական և բանակցային ձախողումները։
«Ապրելու երկիր» կուսակցության համոզմամբ՝ անթույլատրելի է մոռացության տալ վերոնշյալ հանգամանքը և օր առաջ օրակարգ պետք է վերադարձնել ադրբեջանական զորքերի ներկայության անթույլատրելիությունը, շարունակել ջանք գործադրել այդ ուղղությամբ՝ հասցեական և հստակ ուղերձներով, առաջ մղելով առանց ատելության խոսքի խաղաղության կառուցման ճանապարհը»,-նշվում է կուսակցության հայտարարության մեջ։