Մենք Մինսկի խումբը դիտարկում ենք որպես պատշաճ մարմին և տեսնում ենք անհրաժեշտություն ակտիվացնելու ջանքերը՝ կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանի բարգավաճ զարգացման համար։ Այսպես են արձագանքել ԵԱՀԿ քարտուղարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցին։
Տարիներ շարունակ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող կառույցից հետաքրքրվել էինք՝ երբ Ադրբեջանը դե ֆակտո չի ճանաչում եռանախագահության մանդատը, իսկ միջնորդների միջև վիթխարի հակասություններ կան, տեսնո՞ւմ են արդյոք Մինսկի խմբի հետագա գործունեության հեռանկար։
ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահ երկրների միջև համագործակցությունը դադարեցվա՞ծ է
Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների ֆոնին Մինսկի խմբի համանախագահները առանձին-առանձին են այցելում Հայաստան։
ԵԱՀԿ-ից, սակայն, չեն մեկնաբանել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում արված Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը և Ֆրանսիան հրաժարվել են Ռուսաստանի հետ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբում։
«ԵԱՀԿ նախագահությունը մտադիր չէ մեկնաբանել Մինսկի խմբի առնչությամբ Ֆրանսիային կամ ԱՄՆ-ին վերաբերող հայտարարությունները»,- ասված է պատասխանում։
ԵԱՀԿ-ից նաև չեն հստակեցրել՝ ի՞նչ պատասխան են տվել Երևանի դիմումին։ Մոտ երկու ամիս առաջ Երևանը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։
«Համանախագահող երկրները, ինչևս և ԵՄ-ը, վերջին շաբաթներին ակտիվորեն համագործակցում են Բաքվի և Երևանի հետ: Հայաստանը և Ադրբեջանը՝ որպես ԵԱՀԿ-ի անդամ երկրներ, գիտակցում են, որ կազմակերպությունը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել՝ թե՛ իր մանդատի շրջանակներում, թե՛ այլ համատեքստերում իր փորձի հիման վրա»,- նշել են ԵԱՀԿ քարտուղարությունից։
Իգոր Խովաևը ապրիլի կեսին նշանակվել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ։ Ինչպես ԵԱՀԿ քարտուղարկությունից են նշել՝ Ռուսաստանը նոր համանախագահի առաջադրման մասին չի տեղեկացրել․ «Ուստի մեր ըմբռնումն այն է, որ դեսպան Խովաևն է շարունակում մնալ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը»։