Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ։ Այս մասին հայտնում է «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը։
«Տեղի են ունենում նաև անհնազանդության այլ ակցիաներ»,- գրել է նա իր էջում՝ բոլորին հրավիրելով միանալ իրենց։
Նշենք, որ ինչպես հայտնի է, այս պահին փակ է Իսահակյան փողոցը, Մատենադարանի հարակից փողոցը, Նալբանդյան-Թումանյան խաչմերուկը, նաև վարչական այլ շրջանների մի շարք փողոցներ։
«Դիմադրություն» շարժումն առավոտյան 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Նախօրեին ոստիկանություն ընդհանուր հաշվով 417 մարդ է բերման ենթարկվել։ Իսկ երեկոյան մեծ հանրահավաքից ու քայլերթից հետո ընդդիմությունը որոշեց կրկնակի թափով շարունակել ակցիաներն այսօր։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։