ՀՀ բոլոր լաբորատորիաներում աշխատում են բացառապես ՀՀ քաղաքացիներ։ Այս մասին կառավարության նիստից հետո ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ ՌԴ դեսպանատունը կասկածներ է հայտնել Հայաստանում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաների մասին։
«Այդ լաբորատորիաները գործում են ՀՀ օրենսդրությամբ և միտված են սպասարկել ՀՀ շահերը։ Բացի դրանից՝ կենսանվտանգության մասին հարցերը մշտապես եղել են ՀՀ և ՌԴ ԱԽ գրասենյակների համագործակցության օրակարգում, և մեր ռուս գործընկերների կողմից բարձրացված հարցերը մշտապես ունեցել են սպառիչ պատասխաններ»,- ասաց Գրիգորյանը։
Վերջերս ՀՀ ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը եղել է Մոսկվայում, որտեղ միջգերատեսչական հանձնաժողովի հետ քննարկել է գոյություն ունեցող հարցերը՝ տալով սպառիչ պատասխաններ։ Քննարկվել է նաև հայ-ռուսական կենսանվտանգության ոլորտում համագործակցությունը խորացնելու հարցեր։
ՀՀ և ՌԴ-ի միջև նաև գոյություն ունի հուշագիր, որը ստորագրվել է անցյալ տարի, ինչը կարգավորում է համագործակցությունը, որն իրականացվում է թափանցիկության և միջազգային բարձր չաձանիշների հիման վրա։
Հիշեցնեք, որ ՌԴ դեսպանատունը մտահոգություն էր հայտնել Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ։
«ԱՄՆ պաշտպանության նախարարությունը թիրախավորում է իր ֆինանսավորվող կենտրոնը: Ռ. Լուգարը Վրաստանում ակտիվացնում է մանրէաբանության և համաճարակաբանության բնագավառում համատեղ գիտական հետազոտությունները Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ։
Անդրկովկասյան տարածաշրջանում Պենտագոնի շահերից ելնելով՝ կենսաբանական հետազոտություններ իրականացնող արևմտյան մասնավոր ընկերությունների գործունեությունը և Ուկրաինայում բիոնախագծերում ներգրավված կառույցների առկայությունը Հայաստանում նույնպես արժանի են մանրակրկիտ վերլուծության»,- ասվում է հրապարակված զեկույցում։