Երկու հարց կա, որոնց մենք պետք է պատասխանենք։ Որքանո՞վ է ժողովրդավարությունն ի վիճակի պաշտպանել երկրի անվտանգությունը և ինչքանո՞վ է ի վիճակի պահպանել երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես կարծում եմ, որ երկրորդ հարցի պատասխանը միանշանակ է, և դրա պատասխանը ես արդեն տվեցի»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ հենց ժողովրդավարությունն է մեր երկրի ինքնիշխանության և անկախության երաշխավորը։
«Մեր խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել մեր երկրի արտաքին և ներքին անվտանգությունը»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ վերջին շրջանում, երբ անդրադառնում ենք խաղաղության օրակարգին առնչվող հարցերին, ոմանք դա մեկնաբանում են, թե բանավեճ է տեղի ունենում նախկին և ներկա իշխանությունների միջև։ Դա ամենևին կապ չունի։
«Առնվազն ուրախությամբ ու հպարտությամբ կարող եմ նշել, որ ՀՀ-ում կա քաղաքական իշխանություն, որն այս առաքելության շուրջ համախմբված է, ու այս առաքելության շուրջ պետք է համախմբվեն բոլոր ժողովրդավարական ուժերը»,- ասաց նա։
Ժողովրդավարության իրենց առաքելության շարունակությունը խաղաղության առաքելությունն է, որը շատ ավելի ծանր ու դժվար կամք պահանջող առաքելություն է, ասաց Փաշինյանը։
«Ես հավատում եմ, որ մենք իրականացնելու ենք այդ առաքելությունը»,- նշեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ պետք է իրապես անկեղծ վերլուծել մեր երկրի 30 տարվա պատմությունը։
«Ժողովրդավարության առաքելության շարունակությունը խաղաղության առաքելությունն է, որը շատ ավելի ծանր, ուժ ու կամք պահանջող առաքելություն է»,- նշեց նա։
Նշենք, որ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանումը» ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը, որը կազմակերպվել է Freedom House-ի և ԻՔՄ-ի համատեղ ջանքերով։ Նպատակը համազգային համընդգրկուն երկխոսությանն աջակցելն է՝ դիմակայելով կեղծ պատմույթներին ու պաշտպանելով Թավշյա հեղափոխության ժողովրդավարական նպատակները: