Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին Հայաստանի ոստիկանական համակարգում բարեփոխումների համատեքստում անդրադարձավ ոստիկանության գործողություններին բողոքի ակցիաների ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ունեցած ելույթի ընթացքում Թրեյսին նշեց, որ կան մտահոգություններ, տեսել են տեսանյութեր ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ:
Դեսպանն ընդգծեց, որ այդ ամենը պետք է քննվի, հաշվետվողականություն պետք է լինի այդ հարցերի շուրջ: «Ես նկատել եմ, որ կառավարության կողմից այս դրվագները հետաքննելու, քննություն իրականացնելու մոտեցում կա, ինչպես նաև կա ցուցարարների իրավունքները, լրագրողների աշխատանքը հարգելու մոտեցում: Իհարկե, ցուցարարներն էլ ունեն իրենց պարտականությունները՝ խաղաղ ցույց անցկացնել, որը չի առաջացնում քաոսային իրավիճակ և չի խախտում մյուսների իրավունքները»,- մանրամասնեց դեսպան Թրեյսին:
Դեսպանը հավելեց, որ ժողովրդավարությունը գործընթաց է առաջընթաց ապահովելու համար: «Մարդիկ ինձ գրում են ոստիկանության բարեփոխումների մասին, և հարցնում են սա՞ է ձեր ժողովրդավարությունը: Ոչ, ժողովրդավարությունը իրերի կատարյալ վիճակ չէ, ժողովրդավարությունը շարունակական ընթացքի մեջ գտնվող գործընթաց է հաշվետվողականություն ապահովելու, մարդկանց իրավունքները պաշտպանելու, սակայն դա միայն մի կտոր չէ: Ոստիկանության պարագայում կարևոր է նրանց աշխատանքի հաշվետվողականությունը»,- նշեց նա:
Լին Թրեյսին ընդգծեց, որ Միացյալ Նահանգներում էլ մշտապես խնդիրներ են լինում ոստիկանների վարքագծի հետ կապված. Դա մի ուղղություն է, որտեղ ԱՄՆ-ը ձգտում է բարեփոխումներ իրականացնել: «Այսինքն, սա իրավիճակ չէ, որը բնորոշ է միայն Հայաստանին: Կարևորն այն է, որ այդ հարցերում լինի հաշվետվողականություն»,- ասաց դեսպանը: