Երեկ եղավ բրյուսելյան, այսpես կոչված, հանդիպման հայտարարությունը։ Այնտեղ Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան Արցախի, նաև Արցախի ինքնորոշման իրավունքի մասին մի բառ չի ասում։ Այս մասին ԱԳՆ շենքի դիմաց ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Հայաստանի իշխանությունը պետք է լինի այնպիսին, որ պաշտպանի Արցախի շահը, բայց մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ մենք Հայաստանի իշխանությունից պետք է պահանջենք արդեն Հայաստանը պաշտպանել։ Բրյուսելյան, այսպես կոչված, համաձայնությամբ արդեն Հայաստանի սահմաններն էլ խնդիրներ ունենում։ Մենք պետք է է’լ ավելի համախմբվենք ու գնանք մինչև վերջ»,- ասաց Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն արդեն մի քանի շաբաթ է, ինչ 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Այսօր ակցիայի մասնակիցները փակել են ԱԳՆ շենքի մուտքերը։
Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են ընթանում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ բանակցությունների արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ: Միշելի տեղեկատվության համաձայն՝ սահմանային հանձնաժողովի առաջին համատեղ նիստը տեղի կունենա առաջիկա օրերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին։ Նիստի ընթացքում կքննարկվեն սահմանի սահմանազատման հետ կապված բոլոր հարցերը, ինչպես նաև կայունության ապահովումը սահմանին։ Նա հայտնել է, որ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները պայամանավորվել են համաձայնեցնել Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածների միջև տարանցման կարգավորման սկզբունքները։