Սյունիքի մարզ աշխատանքային այցի առաջին օրը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավարության ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեց Մի 24 ուղղաթիռի անձնակազմին, որոնք զոհվել են 2020 թվականին Երասխի բնակավայրում մարտական առաջադրանք կատարելիս։ Այս մասին հայտնում է դեսպանատան ֆեյսբուքյան էջը։
Դիվանագիտական առաքելության ղեկավարն այցելել է նաև ՀՀ սահմանի Տեղ և Պարույր Սևակ սահմանային անցակետեր, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց ամենօրյա և մարտական պատրաստության առանձնահատկություններին, ինչպես նաև կենցաղային և ծառայության պայմաններին։
Դեսպանն այցելել է նաև Կապանի օդանավակայանի մոտ տեղակայված ռուս սահմանապահների դիրքը։ Մեղրիի սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Բուրշտինը դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է Հայաստանի սահմանի այս հատվածում զարգացող օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները։