Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի հաղթանակի համար իր ուրույն դերակատարությունն է ունեցել հենց տիեզերական արբանյակից ստացված տվյալները՝ կարևոր ռազմական նշանակություն ունեցող օբյեկտների լուսանկարները, տեղակայման վայրերը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ նույնիսկ թիրախը խոցելուց հետո հակառակորդը կարողացել է րոպեների ընթացքում ստանալ հստակ պատկեր, որում երևում է, թե ինչ վիճակում է գտնվում տվյալ օբյեկտը։
«Այդ առումով Ադրբեջանի համար կարևոր նշանակություն է ունեցել հետախուզական արբանյակը»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ արբանյակն ի սկզբանե գիտական ու հետախուզական նշանակություն պետք է ունենար, սակայն, այնուամենայնիվ, օգտագործվել է ռազմական գործի մեջ։
Մեր հարցին, թե ի՞նչ կլիներ, եթե մենք պատերազմի ժամանակ ունենայինք այդպիսի արբանյակ, ռազմական փորձագետը պատասխանեց, որ գերճշգրիտ հարվածներով կկարողանայինք լռեցնել այն օդանավակայաններն ու թռիչքուղիները, որտեղից արձակվում էին «Բայրաքթարները», որոնցով մեզ ամենաշատն էին խոցում։
«Առհասարակ, Հայաստանի Հանրապետության թե՛ գիտական, թե՛ ռազմական ներուժի ավելացումը տարածաշրջանում քաղաքական բալանսի որոշակի տեղաշարժ է ենթադրում»,- ասաց Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայկական արբանյակը մեր երկրի ու տարածաշրջանի վրա։
«Թեկուզ դա լինի որևէ գիտական հայտնագործություն, միևնույն է, արտաքին քաղաքական հավասարակշռության փոփոխություն է ենթադրում, իսկ առավել ևս, եթե որևէ բան կապված է ռազմական ուժի հետ, նույնիսկ անուղղակիորեն, ապա, այո՛, միանշանակ Հայաստանի կշիռը տարածաշրջանում բարձրանում է»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Նա նաև նշեց, որ պետք չէ կենտրոնանալ լոկ արբանյակի վրա․ մեր երկրի դիրքերը կարող էին ամրապնդվել պարզապես ռազմարդյունաբերության, գիտական հայտնագործության ուղղությամբ ունեցած հաջողություններով։
«Եթե մենք արբանյակ ենք բաց թողնում, ապա պետք է ունենանք հստակ նպատակ։ Երբ ադրբեջանցիները արբանյակ էին բաց թողնում, նրանց նպատակը գիտություն զարգացնելը չէր, այլ ՀՀ տարածքից գերճշգրիտ լուսապատկեր ստանալը։ Եվ նրանք դա օգտագործեցին։ Իսկ մեր նպատակը ո՞րն է, երբ մենք մոլորակի ուղեծիր արբանյակ ենք հանում։ Պետք է սա՛ հասկանանք, և այդ դեպքում արդեն կարող ենք ասել, թե արտաքին քաղաքական բալանսի փոփոխություն տեղի ունենո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը։
Նշենք, որ երեկ՝ մայիսի 25-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակին ռազմական փորձագետը չի հավատում:
Կաառավարության նիստում հայկական արբանյակի դուրսբերման լուրն այսօր հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ արբանյակը հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում է ստեղծվել:
Նա նաև հայտնեց, որ արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։
Արաքսյա Սնխչյան