Կգա ժամանակը և օրը, ու մենք կշրջափակենք նաև կառավարության շենքը։ Քաղաքացիներին հաջողվել է շուրջ 3 ժամ շրջափակման մեջ պահել նախագահի նստավայրի և ԱԽ-ի շենքերը։ Բողոքի ակցիաները պլանավորված են ըստ տվյալ օրվա ռեսուրսի, նպատակահարմարության և ժամանակացույցի։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով «Դիմադրություն» շարժման հետագա գործողություններին։
«Ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը վերջնական ջրբաժան կդառնա մեր այն հայրենակիցների համար, ովքեր դեռ կասկածում են, որ օրվա չարիքի կառավարությունը երկիրը տանում է նոր զիջումների։ ՔՊ-ն ունի երկու տարբերակ․ կա՛մ պետք է հիմնավորեն՝ ինչո՞ւ են դեմ կամ ձեռնպահ քվեարկում, կա՛մ տապալեն ԱԺ նիստը։ Երկու դեպքում էլ նրանք փակուղի են մտնում»,- անդրադառնալով ավելի վաղ արված առաջարկին՝ նշել է նա։
Նրա խոսքով՝ քաղաքացիները, ովքեր գտնում են, որ Նիկոլը պետք է հեռանա, աջակցում են շարժմանը, նաև պետք է շարժման մասնակիցը դառնան․ «Վերջին մեկ ամիսը մեր ժողովրդի հպարտության մեկ ամիսն է։ Սա բացառիկ երևույթ է։ Պետք է հասնենք այն կրիտիկական կետին, երբ մեր ժողովուրդն ամբողջությամբ ոտքի կանգնի, և ոստիկանությունն այլևս չկարողանա պաշտպանել Նիկոլի իշխանությունը։ Այս պայքարը որևէ կերպ և որևէ ձևով չի կարող կասեցվել, շարժումը չի կարող պարտվել, որովհետև պարտությունը հայ ժողովրդի պարտությունն է լինելու։ Բոլոր նրանք, ովքեր իրենց չափն անցնում են և լեզուները երկարացնում են, պետք է հիշեն, որ հավերժ իշխանություն չեն լինելու, և յուրաքանչյուրն իր ամեն ասածի համար պատասխան է տալու»։
Նրա խոսքով՝ թուրք-ադրբեջանական դաշինքը շտապում է պատերազմից ձեռք բերված արդյունքները նաև դե-յուրե ձևակերպել․ «Նրանք հասկանում են, որ երբ Հայաստանում կորցնեն Նիկոլին, բոլոր պայմանավորվածություններն առոչինչ են լինելու։ Մեր խնդիրն է այդ ամենը կասեցնել։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կայացած, բայց անընդունելի փաստ է, սակայն դատավճիռ չէ։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչպես պետք է երկիրն այս վիճակից դուրս բերել, վերականգնել բանակը, բանակցություններ վարել, միջազգային հարաբերություններ կառուցել, ոտքի հանել տնտեսությունը, որպեսզի մնանք հայ, ունենանք պետականություն և հայկական Արցախ»։
Սաղաթելյանը հայտարարել է, որ Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահի՝ Բաղրամյան 26-ում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Նա հայտնել է, որ, հետևաբար, չեղարկվում է նաև «Դիմադրություն» շարժման ակցիան, որը նախատեսված էր նստավայրի դիմաց։
«16։30-17։00-ին տեղի կունենա շարժման քայլերթը՝ հետաքրքիր ուղղությամբ, իսկ 19։00-ին՝ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։ Պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։