Ազգային ժողովի «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարությանը, ըստ որի՝ ինքը չի պատրաստվում ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով և պատասխանել բանակցային պրոցեսի մասին հարցերին։
«Նախ ասեմ, որ Օսկանյանին հրավիրելու նախաձեռնությունը իմն էր, քննիչ հանձնաժողովում բանակցային գործընթացի մասով անհրաժեշտ փաստաթղթերի և հրավիրյալների ցուցակի կազմման և դա հանձնաժողովին՝ քննարկման ներկայացնելու պարտականությունը վստահված է ինձ։
Առաջնորդվելով պարզ տրամաբանությամբ՝ առաջարկել եմ նախ ուսումնասիրել բոլոր բանակցային փաթեթները և հրավիրել այդ փաստաթղթերի շուրջ բանակցած ԱԳ նախարարներին և հեղինակություն վայելող փորձագետների։ Սա շատ ընդհանրական եմ ներկայացնում եղելությունը՝ խուսափելով հրապարակման ենթակա չհանդիսացող դետալներից։
Հիմա, եթե Հայաստանի Հանրապետությունում նախարար կամ թեկուզ նախագահ եղած մեկը կարող է մտածել, որ ինքը կարող է արհամարհել առաջնային մանդատի կրող ԱԺ-ում սահմանադրի սահմանած իրավունքով կազմված հանձնաժողովի հրավերը, ապա միանշանակ է, որ այդ մեկը փախչում է հենց սահմանադրին հաշվետու լինելուց, իսկ դա երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել։
Կարծում եմ՝ պետք է հնարավորինս շուտ մտածել հստակ իրավական մեխանիզմներով նմանօրինակ անպատասխանատու վարքագիծը կանխելու մասին։ Անձամբ իմ կարծիքով՝ ընդհուպ մինչև կարելի է քննարկել քննիչ հանձնաժողով ներկայանալուց հրաժարվելու համար որոշակի պատասխանատվության սահմանելու կամ հրաժավողին հանձնաժողով բերման ենթարկելու տարբերակներ»,- գրել է նա։