«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վեճը այն աստիճան է թեժացել, որ վերջիններս սկսել են անգամ միմյանց մեղադրել քրեական գործերի քննությունները տապալելու մեջ: Ավելին՝ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով «ինչ-ինչ խաղերի մեջ է մտել»: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ 2022թ. մայիսի 20-ին հսկող դատախազի կողմից կայացվել է որոշում Վլադիմիր Գասպարյանի եւ Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավարին վարույթից հեռացնելու մասին, եւ դա պայմանավորված է եղել նրանով, որ քննիչը, առանց դատախազի ցուցումի պահանջներն ամբողջությամբ կատարելու, հայտարարել է նախաքննության ավարտ, եւ ցուցումի պահանջներն անտեսելու վարքագիծը կրել է պարբերական բնույթ:
Դատախազության այս հայտարարության դեմ դուրս եկավ կոմիտեն՝ հայտարարելով. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին մի շարք պաշտոնատար անձանց վերաբերյալ քննվող քրեական գործերով դատավարական փաստաթղթերում հստակ դիրքորոշումներ հայտնելու փոխարեն վերացական ձեւակերպումներով դատավարական սուբյեկտների հարաբերությունները հանրայնացնելու՝ դատախազության որդեգրած քաղաքականության կապակցությամբ»:
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ վարչության անդամ դառնալու հայտերի ընդունման ժամկետը սպառված է․ 48 առաջադրում կա, գործող վարչությունից չի առաջադրվել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչն անակնկալի է բերել ՔՊ շարքայիններին, որոնք ողջ օրը քննարկել են դրա պատճառները եւ մի քանի եզրահանգում արել։ Կա՛մ Արարատ Միրզոյանը չի կարողանում ներել Նիկոլ Փաշինյանին, նրան է կասկածում նոյեմբերի 9-ի գիշերն իր ծեծը կազմակերպելու հարցում, դրանից հետո էլ իրեն ԱԺ նախագահի պաշտոնից է զրկել, ուստի որոշել է ցույց տալ, որ չի ուզում նրա ղեկավարած վարչությունում լինել։ Ոմանք ավելի հեռուն գնացող հետեւություններ են արել, թե Միրզոյանին պատրաստում են ժառանգորդի դերի համար։
Ուշագրավ է, որ առաջադրվել է նաեւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը պատերազմից հետո հեռացել էր թիմից, անգամ պատգամավորական ցուցակում չընդգրկվեց: Որքան էլ զարմանալի է՝ չի առաջադրվել նաեւ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, փոխարենը Լենա Նազարյանն է առաջադրվել, իսկ նրա ամուսին Նարեկ Բաբայանը, որը գործող վարչության անդամ էր, չի առաջադրվել։ Առաջադրվել է նաեւ նախորդ վարչություն չմտած, ներկայումս վարչապետի կնոջ մտերիմ Մխիթար Հայրապետյանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ոստիկանությունը հայտնվել է Հաշվեքննիչ պալատի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պալատն այս տարվա փետրվարի 14-ից մինչեւ ապրիլի 30-ը հաշվեքննություն է իրականացրել ոստիկանությունում եւ որոշ անհամապատասխանություններ հայտնաբերել: Ուշագրավն այն է, որ ՀՀ ոստիկանության կողմից հավաքագրվել է 11 մլրդ 548 մլն դրամով ավելի եկամուտ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եկամուտի ավելացումը պայմանավորված է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ու անձնագրերի եւ վիզաների վարչության կողմից մատուցված ծառայություններից ու երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի գերակատարումներով, նաեւ՝ պետական պահպանություն իրականացնող ստորաբաժանումների կողմից հավաքագրված եկամուտով: Բացի այս, պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ստորաբաժանման ընտրված աշխատողներին վճարվել է նախատեսվածից ավել աշխատավարձ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մայիսի 28-ին Երևանում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին զուգահեռ, մարդաշատ երթ ու հանրահավաք տեղի ունեցավ նաև Ստեփանակերտում, որտեղ նույնպես բազմահազար արցախցիներ իրենց դժգոհությունն էին հայտնում վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացներից։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի բազմամարդությունն ու հուժկու էներգետիկան լրջորեն անհանգստացրել են ՀՀ իշխանություններին։ Նրանց հատկապես նյարդայնացրել են Վերածննդի հրապարակում իրենց հասցեին հնչած կոշտ հայտարարություններն ու դատապարտող կոչերը։ Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, չնայած Արցախում գոյություն ունեցող ռազմական դրությանը և հանրահավաքների սահմանափակումներին, Արցախի քաղաքական ուժերն առաջիկայում պատրաստվում են նմանօրինակ տարբեր ակցիաներ կազմակերպել՝ այդ կերպ արտահայտելով իրենց վերաբերմունքն ու հստակ դիրքորոշումը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ»։
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։