ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը շարունակել են մնալ Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ քաղաքական կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և նրա մանդատի ներքո, և, ակնհայտորեն, սա իր ուղղակի անդրադարձն է գտել ՀՀ ԱԳ նախարարության ամենօրյա գործունեության մեջ, այդ թվում՝ ՀՀ ԱԳ նախարարի և մյուս պաշտոնյաների՝ առանց բացառության բոլոր հանդիպումների ընթացքի վրա։ Այս մասին Բյուջե 2021 կատարողականի ներկայացման ժամանակ ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ շուրջ 1-ամյա դադարից հետո, ինչպես շահագրգիռ պետությունների դիրքորոշման, այնպես էլ հայկական կողմի հետևողական աշխատանքի շնորհիվ 2021 թ. սեպտեմբերին Նյու Յորքում, ապա դեկտեմբերին Փարիզում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարների առաջին և երկրորդ հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասնակցությամբ և միջնորդությամբ: Հանդիպումների ընթացքում հայկական կողմն ընդգծել է իր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեքորեն վերականգնելու առնչությամբ: «Վերահաստատվել է սահմանագոտում դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև սադրանքների և հայատյաց հռետորաբանության անընդունելիությունը»,- ասել է նախարարը:
Մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով երկրորդ փարիզյան հանդիպումը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են նաև հոկտեմբերին՝ Մինսկում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ: Մյուս հանդիպումը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով նախատեսված է եղել անցկացնել դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ ամենամյա նախարարական վեհաժողովի շրջանակում, սակայն ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկել է այդ հնգակողմ հանդիպումը:
«Նախքան հնգակողմ հանդիպումը՝ առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ: Հատկանշական է, որ դրանից օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում համանախագահները կրկին հստակորեն արձանագրել էին իրենց մանդատը: Եվ այս գործոններն էլ՝ համանախագահության ձևաչափի և մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքին զուգահեռ, մեր կարծիքով, դարձան ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառները: Այնուամենայնիվ, Ստոկհոլմում ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը»,- ընդգծել է ԱԳ նախարարը: