Հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բժշկական կենտրոններ դիմած անձանց, այդ թվում` ոստիկանների վնասվածքները հիմնականում եղել են հարվածի արդյունք: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Բժշկական կենտրոններ դիմած քաղաքացիները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն: Հիմնականում մոտ 70 տոկոսն առավոտյան արդեն իսկ դուրս է գրվել: Սակայն ունեցել ենք մի քանի ստացիոնար բժշկական օգնության կարիք ունեցողներ, նրանք ընթացքում ևս անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել են և դուրս գրվել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կա մեկ քաղաքացի, որին վիրահատել են, նրա վիճակն այս պահին բավարար է։
Ավանեսյանը շեշտեց, որ հիվանդանոց են դիմել հիմնականում ոստիկանության ներկայացուցիչներ։