«Դիմադրության» անդամները բողոքի ակցիա իրականացրին Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ անցկացվում է դատական բարեփոխումներին վերաբերող միջոցառում։
Տեղի ունեցող քննարկումներին ներկա են միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև դատական իշխանության տարբեր օղակների ղեկավար կազմեր։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորները հրավիրված չեն միջոցառմանը։
«ԵԽ-ականները կծիծաղեն, երբ իմանան` ժողովրդավարության մասին քննարկմանն ընդդիմադիրներին չեն հրավիրել։ Մենք ցանկացել ենք մասնակցել այդ քննարկմանը, որպեսզի ներկայացնենք, թե Հայաստանի դատական համակարգում ինչ իրավիճակ է տիրում, որ մեր երկրում կան քաղբանտարկյալներ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ խորհրդարանական գործունեության շրջանակներում ԵԽ կենտրոնական գրասենյակի աշխատակիցների հետ հնարավոր հանդիպումների ընթացքում անպայման կտեղեկացնեն եղելությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ խոսեց բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների գործողություններից և Հայաստանում ժողովրդավարության մասին։
«Ժողովրդավարական բաստիոն, դատարանների անկախություն այս բոլորը փուչիկ են։ Նախկինում այդ որտե՞ղ էր, որ նման քննարկումները դռնփակ էին տեղի ունենում։ Պատգամավորներից այդ ի՞նչը պետք է փակ լինի»,- նշեց նա։
Տեղեկացնենք, որ «Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի երկօրյա խորհրդաժողովը, որին մասնակցում են ՀՀ դատական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, իրավաբաններ, հրավիրվածների թվում են միջազգային կառույցների ներկայացուցիչներ և այլք։