Ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին ադրբեջանական կայքերի/տելեգրամյան ալիքների աշխատանքն ավելին է, քան հակառուսական քարոզչությունը։ Այս մասին գրում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ հատկապես եթե հաշվի ես առնում այդ հարթակների պատկանելությունը կամ ուղիղ ենթակայությունը պետական տարբեր կառույցներին կամ իշխանական էլիտայի ներկայացուցիչներին, պատկերն առավել հստակ է դառնում։
«Ռուս զինծառայողների նկատմամբ ատելությունը, զոհված/վիրավոր/գերեվարված ծառայողների նկատմամբ սարկազմը, ցինիզմը, վիրավորական ձևակերպումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ներսում ռուսների նկատմամբ մեծ չափաբաժիններով թշնամություն է գեներացվում։
Հասկանալի է, որ ռուսական կողմն այս ամենը ֆիքսում է, բայց դեռ պարզ չի, թե երբ գործի կդրվեն ռուսական հակազդման միջոցները։
Դեռ պետք է հասկանալ, վերլուծել, թե ռուս-ուկրաինական ճգնաժամից հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա ինչպիսի ազդեցություն կունենան այս ու մնացած երևույթները։
Սա ՀՀ-ի համար կարևոր է ոչ միայն ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները հաշվի առնելով, այլև ՌԴ առանցքային դերը ՀՀ-Ադրբեջան և Արցախի հարցով տարվող գործընթացներում»,- գրում է Աբրահամյանը՝ նշելով, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ցանկացած զարգացում իր ազդեցությունն է թողնելու մեր տարածաշրջանում։