Ամեն ինչ կախված է ընդդիմության վարքագծից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցություններին մանդատներից զրկելու հնարավորությանը։
«Մենք քաղաքացիների կողմից ճնշման տակ ենք։ Քաղաքացիներից ստացած յուրաքանչյուր զանգ Երևանի երթևեկությունը կարգավորելու մասին է»,- ասաց նա՝ անդրադառնալով «Դիմադրություն» շարժման ակցիաներին։
Armenia Today-ի թղթակցի հարցին՝ հնարավո՞ր է քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար ՔՊ-ն քննարկի նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, նա պատասխանեց․ «Քաղաքական ճգնաժամ չկա, խորհրդարանում մեր աշխատանքները շատ սահուն են ընթանում։ Ճգնաժամ տեսնում եմ ընդդիմության մոտ։ Արդեն մարդ չեն գտնում, որ հերթապահի։ Ընդդիմությունը չգիտի՝ ինչպես ավարտել այս ամենը»։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն արդեն շուրջ 2 ամիս է՝ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։ Պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Անհնազանդությա ակցիաների հիմքում Արցախի հարցն է։