Այսօր՝ հունիսի 14-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովին, տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Նախարարը նշել է, որ հանդիպման ընթացքում կարևորել են հայ-ռուսական համագործակցությունն արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և բնական աղետների հետևանքների վերացման ոլորտներում։ Անդրադարձ են կատարել նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությանը, ընդգծել դրա կարևորությունն ու զարգացման ներուժի հնարավորությունները:
«Դեսպան Կոպիրկինին իմ երախտագիտությունն եմ հայտնել Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ-ին որպես մարդասիրական օգնություն տրամադրված «Ուազ» մակնիշի 3 միավոր մեքենայի և «Ուրալ» մակնիշի 6 հրշեջ-փրկարարական ավտոմեքենայի համար:
Հանդիպման ավարտին պատրաստակամությունն եմ հայտնել համագործակցել ռուսական կողմի հետ տարբեր ծրագրերի շրջանակներում՝ ինչպես գործնական, այնպես էլ կրթական ոլորտներում»,- մանրամասնել է նախարարը։