Ընդդիմությունն այսօր խորհրդարան չի գնա և չի մասնակցի Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա հիշեցրեց, որ «Դիմադրություն» շարժումն ապրիլից սկսել է իր պայքարի գործողությունները։ Վարդևանյանի խոսքով՝ այս ընթացքում կարողացել են փաստ դարձնել ՀՀ-ում քաղաքական ճգնաժամը։
«Քաղաքական ճգնաժամն առկա է թե՛ երկրում, թե՛ խորհրդարանում։ ԱԺ այս նստաշրջանի նիստերին չենք մասնակցելու»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ մեկուկես ամսվա պայքարից հետո «Դիմադրություն» շարժումն այսօրվանից հավաքել է Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանները: Շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ասել է, որ ցանկության և անհրաժեշտության դեպքում երկու ժամ հետո ցանկացած հրապարակում կվերականգնեն վրանային ավան:
«Մեր պայքարի ընթացքում մեր վրանային ավանը լրջագույն հարց է լուծել, բայց մեր պայքարի հետագա արդյունավետությունը վրաններով պայմանավորված չէ:
Շարժման ներուժը մեծացնելու, աշխարհագրությունը ընդլայնելու, գործիքակազմը հարստացնելու, նոր մոտեցումներ որդեգրելու, հստակ գործողությունների ծրագրով պայքարը շարունակելու նոր և կարևոր հանգրվանի առջև ենք կանգնած»,- նշել էր նա:
Շարժումը նշել է, որ պայքարը շարունակելու են, և հանրահավաքը նախատեսված է հունիսի 18-ին՝ 19։30-ին։