Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Իրանում է: Ինչպես տեղեկացնում է ԱԺ կայքը, Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործընկերոջն ասել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Երևանում հյուրընկալած ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի հետ արդյունավետ քննարկումներ են եղել, և դրանց շարունակական բնույթը երկու խորհրդարանների համար համատեղ ծրագրերի իրականացման կարևոր հիմք է:
Իրանի Մեջլիսի նախագահը ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Իրան՝ նշելով, որ Հայաստան-Իրան միջխորհրդարանական հարաբերությունների կիզակետում պետք է լինեն այսօրվա առանձնազրույցի օրակարգային կետերը: Ըստ նրա՝ շատ են համատեղ անելիքները խորհրդարանական մակարդակում, այդ թվում՝ տնտեսական կապերի խթանման, օրենսդրական համագործակցության զարգացման, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ու բարեփոխման հարցում: Նրա գնահատմամբ՝ խորհրդարանները պետք է օրենսդրական մակարդակում աջակցեն Իրան-Հայաստան երկաթուղային և ավտոտրանսպորտային ճանապարհների բացման ու ենթակառուցվածքների ստեղծման գործընթացներին:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է իր դիրքորոշումը՝ ընդգծելով երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանումն ու տևական խաղաղության հաստատումը:
«Բարեկամության և փոխվստահության մթնոլորտում նախագահ Ղալիբաֆի հետ ունեցած մեր քննարկումների ընթացքում գոհունակություն ենք հայտնել հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի և միջխորհրդարանական սերտ կապերի առնչությամբ: Ընդգծել ենք, որ մեր գործընկերությունը հիմնված է հազարամյակների բարեկամության և դրացիության վրա, երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել բոլոր ուղղություններով մեր գործընկերությունը խորացնելու առնչությամբ:
Հանգամանորեն քննարկել ենք տարածաշրջանային զարգացումները: Բնականաբար, ես անդրադարձել եմ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիային և դրա հետևանքներին:
Նշել եմ, որ բազմաթիվ հումանիտար խնդիրներ են մնացել պատերազմից հետո, մասնավորապես, ռազմագերիների վերադարձը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր արժեքների պահպանումը»,- նշել է Սիմոնյանը: